Ռուսաստանի հրապարակ

Ռուսաստանի հրապարակի Պատմությունը

Ռուսաստանի հրապարակը գտնվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ։ Հրապարակի եզրերին են գտնվում Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի տան շենքերը։

Հրապարակի հանդիսավոր բացումը և անվանակոչությունը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 21-ին։

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակի Պատմությունը

Քաղաքային հրապարակը տարբեր համամասնություններով այդ վայրի հարևանությամբ գոյություն է ունեցել շատ դարեր։ Մասնավորապես Շահումյանի հրապարակի մոտակայքում գոյություն ունեցած Ղանթարի շուկան փաստորեն գտնվել է Շահար թաղամասի ու բերդի միջնամասում։ Ներկայիս հրապարակի տարածքում գտնվել են բնակելի շենքեր մինչ նոր հրապարակի շինարարության սկիզբը՝ 1920-ական թվականների կեսը։ Շենքերի ապամոնտաժումը սկսվել է 1926 թվականին՝ առևտրային կետերի ու կրպակներից, երբ կառուցվել է Գյուղատնտեսության ժողովրդական կոմիսարիատի շենքը՝ ապագայում Կառավարության շենքի տեղում։ 1935 թվականից հետո ապամոնտաժվել է Սվերդլովի Բուզանդի, Նալբանդյան, Աբովյան, Ամիրյան ու բուլվարի միջնամասի շենքերը՝ հարթացնելով այսօրվա հրապարակի ողջ տարածքը։

2003 թվականին Երևանի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում իրականացվել են բարեկարգման շինարարական աշխատանքներ։ Հրապարակի ասֆալտապատ վերին շերտը հեռացնելու ընթացքում բացվել են խոր փոսորակներ, քարե պատերի մնացորդներ, սև, կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորներ, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը պեղումներ է իրականացրել տեղում և հասցրել է հետազոտել բացված փոսորակներից միայն երեքը։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ։ Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ։ Բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվել է հայտնի խճանկարը, իսկ պեղված տարածքները ծածկվել են հողով ու ավազով, ասելով՝ «այս տարածքները փակում ենք՝ թողնելով հետագա սերունդներին»։

Այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարևոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված։ Հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ Երևանն անընդհատ զարգացում է ապրել:

Մինչխորհրդային տարիներին՝ 1906-1911 թվականներին, հրապարակը նախագծել է Բորիս Մեհրաբյանը որպես Երևանի հատակագծի մաս։ Հրապարակի ժամանակակից տեսքը 1924 թվականին նախագծել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Հրապարակի շինարարությունն սկսվել է 1926 թվականին՝ Կառավարության շենքի կառուցումով։ Նախագիծը մշակվել է մինչև 1950-ական թվականները, երբ նախագծվել են բոլոր հինգ շենքերը, և ավարտվել 1977 թվականին, երբ կառուցվել է Ազգային պատկերասրահը։ Խորհրդային շրջանում հրապարակը կրել է Լենինի անունը՝ ի պատիվ խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի։ Հրապարակում Լենինի արձանը տեղադրվել է 1940 թվականին և ապամոնտաժվել 1991 թվականին՝ Հայաստանի անկախացման նախաշեմին։