Օդային զանգվածներ և կլիմայական գոտիներ

Երկրագնդի տարբեր հատվածներում ջերմության և
խոնավության անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է ոչ միայն ճնշման գոտիների առանձնացման, այլև կլիմայական գոտիների ձևավորման, որոնք նույնպես միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածից բևեռներ ուղղությամբ:

Համաձայն ռուս կլիմայագետ Ալիսովի, Երկրագնդի վրա կարելի է առանձնացնել 7 հիմնական կլիմայական գոտի՝ մեկ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական, անտարկտիկական և 6 անցումային կլիմայական գոտիներ՝ երկու մերձհասարակածային, երկու մերձարևադարձային, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, որոնք միմյանցից տարբերվում են առաջին հերթին օդային զանգվածներով և մթնոլորտային ընդհանուր շրջանառությամբ:

 

Մթնոլորտային ընդհանուր շրջանառության կարևորագույն բաղադրիչներն են օդային զանգվածները և դրանց տեղաշարժերը:

Միատեսակ ջերմության և խոնավության հատկանիշներով օժտված ներքնոլորտի մեծ ծավալի օդը, որը ձևավորվում է միասեռ ընդարձակ տարածքի վրա, կոչվում է օդային զանգված:

Օդային զանգվածները տեղաշարժվում են մեծ հեռավորությունների վրա, սակայն իրենց ջերմային և խոնավության պայմանները չեն փոխում, այլ ընդհակառակը այն տարածքը, ուր տեղափոխվում են օդային զանգվածները, ձեռք է բերում նույն այդ ջերմային և խոնավության հատկանիշները, որոնք բնորոշ էին տվյալ օդային զանգվածին:

Օրինակ՝

Ամռանը, երբ ճնշման գոտիները տեղաշարժվում են դեպի հյուսիս, հասարակածային գոտում ձևավորվող օդային զանգվածը տեղաշարժվում է դեպի մերձհասարակածային գոտի և այնտեղի կլիման նմանվում է հասարակածային գոտու կլիմային, իսկ ձմռանը, երբ ճնշման դաշտերը տեղաշարժվում են հարավ, արևադարձային գոտում ձևավորվող օդային զանգվածն է ներխուժում մերձհասարակածային գոտի և այնտեղ հաստատվում են արևադարձային գոտուն բնորոշ կլիմայական պայմաններ:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ

1. տարածքի կլիմայական պայմանները մեծապես կախված են այն օդային զանգվածից, որը տիրապետում է այդ տարածքում:
2. անցումային կլիմայական գոտիները ամռանը ենթարկվում են իրենցից հարավ, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող օդային զանգվածի ազդեցությանը, քանի որ սեփական օդային զանգված չունեն:

Աշխարհի կլիմայական գոտիները.jpg

Երկրագնդի կլիմայական գոտիները

Օդային զանգվածների անվանումները և առաջացման տարածքները համընկնում են հիմնական կլիմայական գոտիների հետ: Ի տարբերություն հասարակածային, արկտիկական և անտարկտիկական օդային զանգվածների` արևադարձային և բարեխառն օդային զանգվածները ունեն 2 տարատեսակ՝ ծովային և ցամաքային: Ցամաքային տարատեսակները ավելի չոր են և այս հատվածներում ջերմաստիճանների տատանումները ավելի մեծ են լինում:

Կլիմայական գոտիների համառոտ բնութագիրը

Հասարակածային կլիմայական գոտին տարածվում է հասարակածի երկու կողմերով, սակայն համատարած գոտի չի կազմում: Պայմանավորված հասարակածային օդային զանգվածի ազդեցությամբ՝ ամբողջ տարին այստեղ խոնավ է՝ 3000−5000 մմ տեղումներ և տաք՝ +25+27°C:

Մերձհասարակածային գոտիները տարածվում են հասարակածային կլիմայական գոտու շուրջ, երբեմն ընդգրկելով նաև հասարակածային աշխարհագրական լայնությունները: Ամռանը հաստատվում են տաք ու խոնավ, իսկ ձմռանը՝ տաք ու չոր եղանակներ:

Արևադարձային գոտին արևից ստանում է ամենաշատ ջերմությունը և այստեղ տիրապետող արևադարձային օդային զանգվածը աչքի է ընկնում փոքր թափանցելիությամբ օդում փոշու մեծ քանակի պատճառով, չորությամբ և բարձր ջերմաստիճաններով: Միայն ծովափնյա որոշ գոտիներում, ուր տիրապետում է օդային զանգվածի ծովային տարատեսակը՝ կլիման նման է հասարակածային գոտու կլիմային, սակայն ավելի բարձր միջին ջերմաստիճաններով:

Մերձարևադարձային գոտիները տարածվում են արևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների միջև և տարվա մի հատվածը բնորոշվում են չոր ու շոգ կլիմայով, իսկ մյուս հատվածը՝ բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ դառնում են ցուրտ ու չոր կամ մեղմ ու խոնավ` կապված օդային զանգվածի տարատեսակից:

Բարեխառն կլիմայական գոտին ցամաքի հատվածում ամենամեծ տարածքն է զբաղեցնում և ձգվում է 40−70° լայնությունների գոտում: Բարեխառն ծովային օդային զանգվածների ազդեցության գոտում ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ, իսկ տեղումները առատ են և հավասարաչափ բաշխված տարվա ընթացքում: Բարեխառն ցամաքային օդային զանգվածների ազդեցության գոտին աչքի է ընկնում չորային կլիմայով և ջերմաստիճանների մեծ տարեկան տատանումներով:

Մերձարկտիկական գոտին զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածը, ամռանը ենթարկվում է բարեխառն օդային զանգվածների ազդեցությանը, ձմռանը՝ արկտիկական, ինչի պատճառով ցուրտ է և չոր: Մերձանտարկտիկական գոտին ունի նույն բնութագիրը, սակայն հանդիպում է միայն Անտարկտիդա մայրցամաքի և դրան հարակից ջրերի տարածքում:

Արկտիկական և անտարկտիկական կլիմայական գոտիները համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային բևեռների շուրջ և մշտապես աչքի են ընկնում ցուրտ ու չոր կլիմայով: Միայն ամռանը այն էլ կարճ ժամանակահատվածով ջերմաստիճանները դրական են լինում:

Հարցեր՝

1․ Ի՞նչ է օդային սահմանը և ի՞նչ հատկանիշներ ունի։

Մաս, որը հարմար է օդանավերի մթնոլորտում թռիչքների համար պետության տարածքով (ներառյալ ներքին ջրերը և տարածքային ծովը), 

2․ Քանի՞ կլիմայական գոտի է առանձնացվում։

Այն առանձնանում է չորս հիմնական կլիմայական գոտիներով Երկրի յուրաքանչյուր կիսագնդում։ հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային (Արկտիկա հյուսիսային կիսագնդում, Անտարկտիկա հարավային կիսագնդում)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով